Էրոս Ռամազոտիի 2016 թվականի համերգը իրադարձություն է: Սակայն որպեսզի Ռամազոտիի երկրպագուները կարողանան ներկա լինել համերգին, տոմսերը պետք է ձեռք բերեն հիմա: Այս մասին տեղեկացնում է «Forpostart Production»-ի տնօրեն Զառա Մխեյանը, նշելով, որ այս մասշտաբի համերգ-շոուի Հայաստանում դեռևս ականատես չենք եղել: «Այստեղ խոսքը 160 տոննա տեխնիկայի մասին է, որը ներառում է հնչյունային և լուսային սարքավորումներ, ինչպես նաև հատուկ բեմ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահն ամբողջությամբ կերպարանափոխվելու է: Մարզահամերգային համալիրում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ. բոլոր հարդասենյակներն արդեն նորոգվել են, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Վ. Ասատրյանի»:
Տոմսերը, արդեն երկրորդ ամիսն է, վաճառքում են: Զառա Մխեյանը վստահեցնում է, որ մշակել են տոմսերի ճկուն և հատուկ գնային քաղաքականություն բոլոր սոցիալական խմբերի համար: Բացի այդ, դահլիճում բոլոր տեղերն էլ դիտելու և լսելու տեսակետից լինելու են հարմարավետ, քանի որ ապահովվելու է կատարյալ հնչողություն, բեմը ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ և պտտվելու է, պարտերը ևս ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ:
Ռամազոտին ժամանելու է անձնական ինքնաթիռով, իր հետ բերելով նաև իր անձնական խոհարարին: Երգչի կենցաղային առօրյայի մասին ամենահետաքրքիրը մենք դեռ ձեզ կպատմենք:
Համերգի կազմակերպիչները Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերություններն են:
«Լրացուցիչ տեղեկացնենք, որ շատ շուտով դուք հնարավորություն կունենաք հանդիպելու համաշխարհային աստղերի՝ բոլոր ժամանակների լեգենդ «Բիթլզ» խմբի Ռինգո Սթարին, Մըրայա Քերիին՝ իր յուրօրինակ ձայնով, ինչպես նաև աշխարհահռչակ վոկալիստներից ևս մեկին, ով մշտապես ներառված է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների ցանկում»,- ասաց «Forpostart Production»-ի տնօրենը: